ԼՈՒՐԵՐ

Բացվել է «Տեսլա Էներջի» Էլեկտրամոբիլների Ավտոսրահը

02.06.2022
Tesla Energy.webp

Երևան-Աշտարակ խճուղու ձախակողմյան հատվածում բացվել է TESLA ENERGY ավտոսրահը, որտեղ առաջարկվում են աշխարհահռչակ Տեսլա էլեկտրամոբիլների բոլոր մոդելները: 

Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի՝ SOLARA-ի և իր ռազմավարական գործընկեր՝ ԱՄՆ-ում հիմնադրված LA SOLAR GROUP ընկերության համատեղ ներդրումների և գործուն ջանքերի շնորհիվ: 

Ավտոսրահում ներկայացված են առաջնային և երկրորդային շուկաներից ներկրված Տեսլա էլեկտրամոբիլներ, որոնց համար տրվում է 2 տարվա կամ 50.000 կմ երաշխիք:

Ինչպես նշում է SOLARA ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը, էլեկտրամոբիլներն աստիճանաբար իրենց կայուն դիրքն են գրավում համաշխարհային ավտոարտադրության մեջ: «Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը զուգահեռ մենք նախաձեռնել ենք գործընթաց, որի արդյունքում կզարգանա էկոլոգիակապես մաքուր ավտոմեքենաների տարածումը Հայաստանում: Մեր տեսլականի շուրջ ձևավորված բոլոր անելիքները, որոնք մենք սահմանել ենք, գաղափարից՝ դեպի իրագործում, արագընթաց քայլերով կյանքի են կոչվում և դրանցից հերթականն աշխարհի առաջատար էլեկտրամոբիլների ավտոսրահի իրականություն դառնալն է:  Մենք հասանելի ենք դարձրել Տեսլա էլեկտրամոբիլը մեր երկրում: Հայաստանի տնտեսական կայունության և զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ուշադրությունն էլ ավելի կենտրոնացնենք նորարարության և աշխարհում առաջատար տեխնոլոգիաների կիրառման վրա»,-հայտնել է SOLARA ընկերության գլխավոր տնօրենը: 

Տեսլա էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար առաջարկվում են բազմաթիվ պայմաններ՝ միանվագ, փուլային վճարման տարբերակներ, նախապատվեր և լիզինգ:

Ակբա Լիզինգի հետ բացառիկ համագործակցության արդյունքում TESLA ENERGY-ն լիզինգով էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է աննախադեպ շահավետ պայմաններ: Լիզինգային պայմանները հասանելի են ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց: Իրավաբանական անձանց լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Եվրոյով՝ սկսած տարեկան 2% տոկոսադրույքից, իսկ ֆիզիկական անձանց տրամադրվում է միայն ՀՀ դրամով՝ տարեկան սկսած 11.5%-ից՝ մինչև 84 ամիս մարման ժամկետով:

«Հայաստանում «կանաչ» - նորարարական տեխնոլոգիաների զարգացումը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով Ակբա Լիզինգը դեռ տարիներ առաջ ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որի ուղղություններից մեկը էլեկտրամոբիլների ֆինանսավորումն է: Այսօր «Տեսլա էներջի» ընկերության հետ մեկնարկում ենք նոր բացառիկ համագործակցություն, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա Ակբա Լիզինգի միջոցով ձեռք բերել «Տեսլա» էլեկտրամոբիլներ: Ակբա Լիզինգի շնորհիվ ֆիզիկական անձինք կարող են կատարել ընդամենը 10% կանխավճար և հենց մեր երկրում ձեռք բերել «Տեսլայի» էլեկտրամոբիլ, իսկ մնացյալ մարումները կատարել մինչև 7 տարվա ընթացքում»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«TESLA ENERGY» համալիրում գործող սպասարկման կենտրոնում արտասահմանում վերապատրաստում անցած մասնագետների կողմից տրամադրվելու են Տեսլա էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման համալիր ծառայություններ։

TESLA ENERGY-ի տնօրեն Ժակ Անտոնյանը վստահ է, որ կարճ ժամանակում Հայաստանում կավելանան տեսլաների քանակը և էկոմշակույթը կգրանցի հերթական հաղթանակը: «Տեսլայի բոլոր մոդելները հասանելի են մեր ավտոսրահում: Իսկ տեխսպասարկման համար ստեղծված է մեծ կենտրոն՝ հագեցած բոլոր գերժամանակակից սարքավորումներով: Տեխսպասարկում անցած մեքենաների համար տրվում է 6 ամիս երաշխիք: Մենք Տեսլա էլեկտրամոբիլների, դրանց պահեստամասերի ձեռքբերման, ինչպես նաև տեխսպասարկման համար կատարյալ պայմաններ ենք առաջարկում: Մեր ծառայություններից օգտվողների համար առաջարկում ենք լավագույն ու ամենաշահավետ տարբերակները»,-TESLA ENERGY ավտոսրահի բացման ժամանակ նշել է տնօրեն Ժակ Անտոնյանը: 

TESLA ENERGY ավտոսրահի տարածքում գործում են SOLARA EV CHARGER ընկերության էլեկտրական լիցքավորման կայաններ, որտեղ հնարավոր է ազատորեն լիցքավորել բոլոր տեսակի էլեկտրական մեքենաները: